Մաթ․ֆլեշմոբի հաղթողները Արատեսում


Կրթահամալիրում ձմեռային և ամառային ճամբարների ժամանակ լրացուցիչ անցկացվում է մաթեմատիկական ֆլեշմոբ ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի բոլոր օղակներում, որին մասնակցում են մաթեմատիկական ֆլեշմոբով հետաքրքրվող բոլոր սովորողները, քոլեջի ուսանողները: Այնուհետև հաղթողները, առավելագույն միավոր հավաքողները, ուղևորվում են Արատես, միասին երեք օր ապրելու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու, ֆլեշմոբյան խնդիրներ լուծելու, իրար ճանաչելու, ընկերանալու նպատակով։


Այս անգամ հաղթող թիմը և նրանց ընկերները ճանապարհ ընկան դեպի Արատես ապրիլի 14-ին։ Մենք, ինչպես կրթահամալիրի բոլոր ճամփորդող խմբերը, ճամփորդության մեկնարկը տվեցինք «Սուրբ երրորդություն» եկեղեցու բակից՝ միասնական նկար անելով։ Ճանապարհին մասնակիցներից հարց ու փորձ անելով, մասնակիցների նախաճամփորդական պատումները կարդալով, պարզ դարձավ, որ բոլոր մասնակիցները մի քանի անգամ արդեն հասցրել են լինել Արատեսում, ընդ որում, ամեն անգամ տարբեր խմբերով, բայց բոլորն էլ նորից անհամբեր էին, բոլորն էլ սպասում էին Արատեսին, Արատեսի նոր արկածներին։
Ճանապարհին առատ ձյուն էր գալիս, շատ ցուրտ էր, տեղ հասնելուն պես մասնակիցները արագ տեղավորվեցին և սկսեցին ձնագնդի խաղալ, ժամեր անց եղանակը փոխվեց, ձյունը հալվեց, և մենք բոլորս վայելեցինք Արատեսի գարնանային մաքուր օդը, նրա հրաշք բնությունը։ Տեղավորվելուց հետո, միասին նորից նայեցինք ճամփորդության մեր նախագիծը, որոշեցինք բակի, խոհանոցի, գիշերվա հերթապահները ովքեր են լինելու և անցանք ընթրիքի նախապատրաստական աշխատանքներին։ Երեկոյան խարույկ չստացվեց անել, փայտը շատ էր թաց, մենք էլ որոշեցինք զվարճալի խաղեր խաղալ, օրը ամփոփելուց հետո գնացինք քնելու։
Հաջորդ օրը շատ ավելի հագեցած էր։ Նախավարժանք, նախաճաշից, բակի խնամքից հետ, շրջեցինք Արատեսում, «Սիրո տնակի» մոտից, ընկույզի ծառի մոտով, իջանք ձորը, երկար մնացինք գետի մոտ, նկարվեցինք, տեսանք փոքր ջրվեժը և բարձրացանք վեր։ Հետո «Պապիկ տատիկ» տնակի մոտով բարձրացանք Արատես գետը, հավաքվեցինք գետի շուրջ, զրուցեցինք Արատեսի մասին, թե ի՞նչ կփոխեինք Արատեսում, ի՞նչն է հատկապես սովորողներին, դասավանդողներին գրավում Արատեսում թեմաներով։ Երեկոյան մասնակիցներին սպասվում էր հետաքրքիր խաղ մաթ․ ֆլեշմոբի խնդիրներով, բանավոր հաշվարկով, վիկտորինաներով։
Երկրորդ օրը, արդեն երեկոյան, երեխաների հավաքած փայտով, կարողացանք խարույկ անել, խարույկի շուրջ վայելեցինք Արատեսյան աստղազարդ երկինքը։ Հաջորդ օրը մաքրության օր էր հայտարարված, սովորողները մաքրեցին իրենց սենյակները, հարակից տարածքը և նախագծով նշված ժամին, Արատեսը արդեն կարոտած, վերադարձանք Երևան։

Սովորողների պատումները տես այստեղ՝
Նարե Գրիգորյան
Աննա Թադևոսյան
Գալստյան Դավիթ
Եփրեմյան Էվա
Ռոբերտ Մխիթարյան
Միքայել Հովհաննիսյան
Մանուկյան Արտյոմ
Հարությունյան Արեգ
Սահակյան Տիգրան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով