Նախագծի քննարկում. հեռավար կրթության կազմակերպման գործընթացը

Նախագծից առանձնացրել եմ այս կետը:
 Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը:

Այս կետում չկա հիմնավորում, թե ինչո՞ւ չի թույլատրվում հեռավար ուսուցում ընտրած սովորողին քննությունները հանձնել հեռավար տարբերակով, չէ որ սովորողը հիմնականում ընտրում է հեռավար կրթություն, երբ ունի առողջական խնդիրներ կամ բացակայում է տվյալ երկրից, բայց ուզում է իր ուսումը շարունակել նույն դպրոցում, այսինքն՝ սովորողին դժվար է (եղել են դեպքեր, որ նույնիսկ անհնար է եղել) գտնվել ֆիզիկական միջավայրում, ապա ինչո՞ւ պարտադրել քննության օրը գալ դպրոց: Ստացվում է, որ կասկածանքի տակ է դրվում հեռավար տարբերակով ուսուցման ձևաչափը, այսինքն, մեծ թվով սովորողներ կհրաժարվեն այս տարբերակը ընտրելու հնարավորությունից:

Առանձնացրել եմ նաև այս կետը:
Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում:
Այս կետը մեր կրթահամալիրի դասավանդողների համար նորություն չէ, դասավանդողները անհրաժեշտությունից ելնելով այդպիսի ուսուցում կազմակերպել են, ինքնս էլ եմ կազմակերպել, ընդ որում դասարանում սովորողների աշխատանքին հետևել է կազմակերպիչը, արդյունավետ դաս է ստացվել:
Այստեղ առաջարկում եմ առողջական խնդիրները հանել և փոխարենը նշել անհրաժեշտությունից ելնելով: Ուսուցիչը կարող է բացակայել ոչ միայն իր հիվանդության պատճառով, այլ նաև փոքրիկի հիվանդության պատճառով կամ այլ խնդիրներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով